Լրահոս
13.07.18, 08:42

Արձագանք. Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ 18-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ

Արձագանք. Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ 18-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ

2018 թվականի հուլիսի 12-ին մամուլում հրապարակվել է Արմավիրի մարզի Խորոնք գյուղի բնակիչներ, ամուսիններ՝ 44-ամյա Կարինե Խաչատրյանի ու 50-ամյա Նշան Սահակյանի նամակը, որտեղ վիճարկվում է 18-ամյա Գագիկ Սահակյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկվող գործողությունների օբյեկտիվությունը։

Երիտասարդի մահվան մասին ահազանգն ստացվել է 2018թ. հունիսի 25-ին՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից, ըստ որի՝ ժամը 16։45-ին իրենց մոտ է տեղափոխվել Գագիկ Նշանի Սահակյանը՝ մահացած։

Հասկանալով որդեկորույս ծնողների վիշտը՝ այդուհանդերձ փաստում ենք, որ մամուլին տրամադրված նամակում օբյեկտիվ չեն ներկայացվել փաստական հանգամանքները։ Նկատի ունենալով հանրության հետաքրքրությունը` կից ներկայացնում ենք հուլիսի 12-ի դրությամբ պարզված հանգամանքների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն:

Նախնական տվյալներով՝ դեպքի օրը՝ 2018թ. հունիսի 25-ին, Գ. Սահակյանը մորաքրոջ որդու՝ Ա.Կարապետյանի հետ գնացել է Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքում գտնվող ավազի հանքերի տեղում առաջացած լճում լողալու: Նշված տարածքում գտնվել են նաև այլ երիտասարդներ, այդ թվում՝ հարակից գյուղերից։ Ա.Կարապետյանի՝ վարույթն իրականացնող մարմնին հայտնած տվյալների համաձայն՝ ժամը 15-ի սահմաններում նկատել է, որ մորաքրոջ որդին ավտոմեքենայի մոտ կանգնած ծխում է, իսկ ինքը շարունակել է լողալ։ Որոշ ժամանակ անց Գ.Սահակյանին չի նկատել, իսկ շորերը գտնվել են ավտոմեքենայի մեջ։ Տարածքում գտնվող ծանոթ երիտասարդների հետ սկսել են որոնել նրան, այդ թվում՝ լճակի մեջ և ափից մոտ 2-3 մետր հեռավորության վրա՝ լճակի հատակին, գտել նրան ու անմիջապես տեղափոխել Վաղարշապատի բժշկական կենտրոն։

Երիտասարդի մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի պատասխանը դեռ չի ստացվել: Ըստ դիահերձման արդյունքների՝ Գ.Սահակյանի մահվան նախնական պատճառը եղել է ջրահեղձությունը:

Դեպքի վայրի զննությամբ նշված լճակից վերցվել է ջրի փորձանմուշ՝ երիտասարդի մահվան էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար։

Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Գ.Սահակյանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, օպերատիվ հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին:

Քննությամբ տվյալներ ձեռք չեն բերվել՝ դեպքի օրը լճակի տարածքում Գ.Սահակյանի մասնակցությամբ որևէ վիճաբանության վերաբերյալ: Պարզվել է նաև, որ երիտասարդը լողալ չի իմացել:

Շարունակվում են ձեռնարկվել ակտիվ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, այդ թվում՝ հնարավոր ականատես այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Փորձաքննության եզրակացության և քննության հետագա արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։