Լրահոս
16.05.18, 12:59

Արձագանք. Երեք անձի սպանության հանգամանքները ներկայացվել են խեղաթյուրված

Արձագանք. Երեք անձի սպանության հանգամանքները ներկայացվել են խեղաթյուրված

2018թ. մայիսի 12-ին «1in.am» լրատվական կայքի էջում հրապարակվել է «Աղվան Հովսեփյանի «Խորենացին» կամ՝ հարազատին «թշնամացնողները»» վերտառությամբ  հոդվածը, որտեղ հեղինակը,  անդրադառնալով 2017թ. սեպտեմբերին Հրազդան քաղաքում 2 անձի և 2013թ. հունվարին Երևանում տեղի ունեցած մեկ անձի սպանությունների բացահայտմանը, խեղաթյուրված է ներկայացրել գործով ձեռք բերված փաստական հանգամանքները։ Ընթերցողներին տրամադրվել է ոչ ճիշտ տեղեկատվություն՝ փորձելով ձևավորել թյուր, աղավաղված հանրային կարծիք՝ 3 անձի սպանության բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Հրազդանի երկու բնակիչների անհետ կորելու վերաբերյալ ահազանգերն ստացվել են 2017 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին և ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության, ոստիկանության  օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համագործակցված, մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել էր, որ Հրազդանի բնակիչները դարձել են սպանության զոհ,բացահայտվել ոչ միայն նրանց, այլ նաև՝ տարիներ առաջ տեղի ունեցած մեկ այլ սպանություն։

Նշված քրեական գործի քննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ նախկինում պարբերաբար տրամադրվել է տեղեկատվություն, սակայն նկատի ունենալով, որ հոդվածագիրն  աղավաղված է ներկայացրել գործով պարզված հանգամանքները և կարևորելով ՀՀ քաղաքացիների՝ ստուգված և ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքը, կրկին ներկայացնում ենք նշված քրեական գործի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն այն ծավալով, որքանի հրապարակումը չի խոչընդոտի գործի հետագա քննությանը,  չի վտանգի վարույթի մասնակիցների իրավունքները։

Այսպես՝ 2017թ. սեպտեմբերի  20-ին Հրազդանի բնակչուհի Վարդուհի Սիմոնյանի հարազատներից հաղորդում է ստացվել, որ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, նա դուրս է եկել իրենց տանից, և նրա գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չունեն: Նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վ.Սիմոնյանի հեռախոսը սեպտեմբերի 20-ին հայտնաբերվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 20.5 կմ հատվածում` օտարերկրյա քաղաքացու կողմից։ 2017թ. սեպտեմբերի 28-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։

Օրեր անց՝ հոկտեմբերի 6-ին, հաղորդում է ստացվել Հրազդանի մեկ այլ բնակչի՝ Սամվել Ալիխանյանի անհետ կորելու վերաբերյալ և նախապատրաստված նյութերով նրա անհետ կորելու դեպքի առթիվ ևս հարուցվել է քրեական գործ։ Նշված երկու քրեական գործերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ քննիչի կողմից դրանք ընդունվել են վարույթ և ձեռնարկվել միջոցառումներ՝ Վ.Սիմոնյանի և Ս.Ալիխանյանի անհետ կորելու դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ անհետ կորած համարվող Հրազդանի երկու բնակիչները ճանաչում են միմյանց, և վերջին անգամ նրանց տեսել են միասին։

Հարուցված երկու քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Արդյունքում պարզվել է, որ նրանք դարձել են բռնության զոհ, սպանվել, հայտնաբերվել են դիակները, բացահայտվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ևս հանդիսանում է Հրազդանի բնակիչ, ինչպես նաև՝ վերջինիս և տուժողների առնչությունը  միմյանց հետ, սպանության շարժառիթը:

Նախնական քննությամբ հիմնավորվել  է, որ 2017 թվականի սեպտեմբերի 18-ի երեկոյան տուժողները Հրազդանի բնակիչ Լ.Հակոբյանի հետ նրա կողմից շահագործվող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով գնացել են վերջինիս հայրական տուն, որտեղ առաջացել է վիճաբանություն՝ գումարային հարցերի շուրջ։ Լ.Հակոբյանը ծեծի է ենթարկել Ս.Ալիխանյանին և Վ.Սիմոնյանին՝  վերջինիցս պահանջելով  գումար։ Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համաձայն՝ մերժում ստանալով՝ տղամարդը մետաղական լարով խեղդամահ է արել նախ Սամվել Ալիխանյանին, այնուհետև մետաղական կշռաքարով հարվածներ հասցրել Վարդուհի Սիմոնյանի գլխին՝ սպանելով նրան: Այնուհետև՝ հանցագործության հետքերը վերացնելու նպատակով դիակները փաթաթել է պոլիէթիլենային թաղանթով, կպչուն ժապավենով և ավտոմեքենայով տեղափոխել Երևան-Սևան ավտոճանապարհի 51 կմ հատվածից աջ գտնվող դաշտավայր և թաքցրել դիերը, որտեղ էլ դրանք հայտնաբերվել են։ Քննությամբ պարզվել է դիակների տեղափոխմանն աջակցած անձանց ինքնությունը։

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, իրականացվել դատավարական այլ գործողություններ, որոնց արդյունքում ձեռք բերված ապացույցները վկայել են Հրազդանի բնակչի կողմից Վ.Սիմոնյանի և Ս.Ալիխանյանի սպանության մասին։ Երկու անձի սպանության հանգամանքների վերաբերյալ ցուցմունքներ տված անձանց տվյալները քննության այս փուլում հրապարակման ենթակա չեն՝ նրանց իսկ դատավարական իրավունքները պաշտպանելու նկատառումներից ելնելով։

Լ.Հակոբյանի կողմից վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի մեջ կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են արյան նմուշներ և նշանակված դատագենետիկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ այն 99,99 տոկոս հավանականությամբ համապատասխանում է տուժող Վ.Սիմոնյանի ԴՆԹ-ին:

Քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ սպանության զոհ դարձած Ս.Ալիխանյանն առնչություն է ունեցել տարիներ առաջ՝ 2013թ. հունվարին, Երևանում տեղի ունեցած Մամիկոն Ասատրյանի սպանության հետ։ Նշված դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել էր դեռևս 2013թ. հունվարի 18-ին՝ Ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, սակայն հետագայում վարույթը կասեցվել՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու պատճառով։

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարված բազմակողմանի քննության արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Մ.Ասատրյանի սպանությունը կատարվել է շահադիտական  դրդումներով՝ պատվերով, պարզվել հանցակցություն ունեցած անձանց շրջանակը։ Կասեցված վարույթը 2017 թվականի դեկտեմբերին վերսկսվել է և քրեական գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ միացվել Հրազդանի երկու բնակիչների սպանության դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործին։

Նախնական քննության տվյալներով՝  Մ.Ասատրյանի սպանությունը պատվիրվել ու կազմակերպվել է վերջինիս կնոջ կողմից, ինչը համապատասխան վարձատրության դիմաց ստանձնել է իրականացնել ազգականը՝ Ս.Ալիխանյանը։ Այդ մասին են վկայում քրեական գործով ձեռք բերված բազմաթիվ ապացույցներ։ Վկաների ցուցմունքների համաձայն՝ սպանության համար Ս.Ալիխանյանին խոստացվել էր 20.000 ԱՄՆ դոլար։

Դեպքի շուրջ, ի թիվս այլ անձանց, հարցաքննվել է նաև տուժողի կինը, ով տվել է իրարամերժ ցուցմունքներ, ընդ որում՝ էական հակասություններ են արձանագրվել նաև նրա՝ 2013 և 2017 թվականին տված ցուցմունքների միջև։ Բացի այդ, պարզվել է, որ որոշ դեպքերում նրա հայտնած հանգամանքները  չեն համապատասխանում իրականությանը։

Մասնավորապես՝ հատկանշական է, որ 2013թ. սպանված Մամիկոն Ասատրյանի կինը 2013 թվականին ցուցմունք էր տվել այլ վարկածների վերաբերյալ և չէր հիշատակել իր ազգական Ս.Ալիխանյանի անունը,իսկ 2017թ. դեկտեմբերի 13-ին ցուցմունք տվել առ այն, որ իրականում ինքն է հորաքրոջ որդուն՝ Ս.Ալիխանյանին խնդրել խոսել ամուսնու հետ անձնական հարցերի շուրջ։ Պայմանավորվածության համաձայն՝ 2013թ. հունվարի 17-ին կինը պետք է բացակայեր տանից, որպեսզի Ս.Ալիխանյանը նրա ամուսնու հետ անկաշկանդ զրուցի, իսկ երբ հունվարի 18-ին վերադարձել է տուն՝ ամուսնուն հայտնաբերել է սպանված և հասկացել, որ հենց Ս.Ալիխանյանն է կատարել սպանությունը: Ըստ կնոջ ցուցմունքի՝ օրեր անց իրենց տանը Ս.Ալիխանյանն իրենից պահանջել է կանխիկ գումար՝ պատճառաբանելով, որ եթե այդ գումարը չտա, ապա Մամիկոն Ասատրյանի սպանության հետ կապված խնդիրներ կունենան, որից հետո ինքը «վախից», նրան է տվել 5.000 ԱՄՆ դոլար գումար: Սակայն հետագայում հերքել է իր կողմից տրված ցուցմունքները:

Բացի այդ, կինը  հայտնել էր, թե, իբր, 2013 թվականի հունվարի 17-ին զանգահարել է ամուսնուն՝ իմանալու նրա որպիսության մասին, ինչը քննությամբ հերքվել է. հեռախոսահամարների  վերծանումների համաձայն՝ ոչ մի զանգ չի եղել: Բացի այդ, կինը հերքել էր իր՝ Ս.Ալիխանյանի և վերջինիս ընկերուհի Վ.Սիմոնյանի միջև հեռախոսակապը, մինչդեռ ձեռք բերված ապացույցները հակառակի մասին են վկայել. իրականում քննությանը հետաքրքրող ժամանակահատվածում՝ սպանությունից առաջ և հետո, տուժողի կինը մի քանի անգամ մուտքային զանգ է ընդունել Վ.Սիմոնյանի համարից:

Բացի այդ, քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել, որ պատվիրված սպանության մասին հայտնի է դարձել մեկ այլ անձի, ում լռելու համար տրվել են թանկարժեք ոսկյա զարդեր։ Անձի ճանաչում դատավարական գործողության ժամանակ վկան մատնացույց է արել տուժողի կնոջը՝ լռության դիմաց որպես իրեն ոսկյա զարդեր տված անձի։

Այսպիսով՝ սույն քրեական գործ շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երեք անձի. Հրազդանի բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Հրազդանի բնակչի ծանոթին մեղադրանք է առաջադրվել՝ սպանությունը պարտակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Մ.Ասատրյանի կնոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Դեպքի հանգամանքներին քրեաիրավական վերջնական գնահատական կտա դատարանը, որտեղ կհետազոտվեն մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: