Լրահոս
    13.01.16, 13:30

    Արձագանք. Մեղադրյալը հրավիրվել է քննչական գործողության. քաղաքական նպատակներով հնչեցվող հայտարարությունները չեն մեկնաբանվում

    Արձագանք. Մեղադրյալը հրավիրվել է քննչական գործողության. քաղաքական նպատակներով հնչեցվող հայտարարությունները չեն մեկնաբանվում


    ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Ժիրայր Սեֆիլյանը հունվարի 12-ին հրավիրվել է հերթական քննչական գործողության, ինչի վերաբերյալ մեղադրյալը մամուլում հանդես է եկել տարաբնույթ մեկնաբանություններով։

    Հաշվի առնելով հանրության՝ ստուգված տեղեկություն ստանալու իրավունքը՝ պարզաբանում ենք, որ Ժ.Սեֆիլյանը  հունվարի 12-ին՝ ժամը 17-ին, հրավիրվել է որպես մեղադրյալ լրացուցիչ հարցաքննության: Նա ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին՝ փաստաբանի հետ միասին և օգտվելով իր իրավունքներից՝  հրաժարվել է ցուցմունք տալ, պատասխանել քննիչի հարցերին։

    Նրան պարզաբանվել են օրենսդրությամբ նախատեսված իր իրավունքներն ու պարտականությունները,  այդ թվում՝ իր նկատմամբ ընտրված «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցի պայմանների պահպանման պարտականությունը, կարգը։

    Ինչ վերաբերում է Ժ.Սեֆիլյանի կողմից  ԶԼՄ-ներում հրապարակված այն հայտարարությանը, թե ՀՀ քննչական կոմիտեում իրեն սպառնացել են կալանքի վերցնել՝ քաղաքական գործունեությունը չդադարեցնելու դեպքում, ապա դա իրականությանը բացարձակապես չի համապատասխանում, նախաքննական մարմինը ապաքաղաքական պետական հիմնարկ է և քաղաքական նպատակներով հնչեցվող հայտարարությունները չի մեկնաբանում։