Արմավիր քաղաքի 48-ամյա բնակիչը կալանավորվել է սպանության փորձ կատարելու համար
2021թ. մարտի 4-ին, քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ մարտի 1-ին՝ ժամը 10:30-ից մինչև 10:45-ն ընկած ժամանակահատվածում Արմավիր քաղաքի 48-ամյա բնակիչը ապօրինի մուտք է գործել իր բնակարան և առանց պատճառի, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու նպատակով, իր մոտ եղած սև գույնի լիցքավորիչի մալուխով փորձել է խեղդել իրեն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Հաղորդում ներկայացրած կինը տուժող է ճանաչվել:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 48-ամյա տղամարդը հայտնաբերվել, բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության կողմից և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 48-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով: Վերջինս կալանավորվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: