Արմավիրի մարզի 45-ամյա բնակչը կալանավորվել է սպանության և սպանության փորձ կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 45-ամյա տղամարդու կողմից սպանության և սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020թ. մայիսի 10-ին՝ ժամը 02:40-ի սահմաններում, 45-ամյա տղամարդը մուտք գործելով Արմավիր քաղաքի Չարենցի փողոցում գտնվող տներից մեկը, իր մոտ պահվող 16մմ տրամաչափի որսորդական հրացանով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մեկ կրակոց է արձակել նույն տան 29-ամյա բնակչի ուղղությամբ և դիմել փախուստի: Վերջինս ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Նույն օրը՝ ժամը 05:00-ից մինչև 05:30-ն ընկած ժամանակահատվածում, 45-ամյա տղամարդը հասնելով Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի վարչական տարածքում գտնվող հողամասերից մեկի մոտ, որոշել է մոտակա ելակի հողակտորից ելակ ուտել ու շարունակել ճանապարհը: Սակայն հանդիպելով հողամասի սեփականատիրոջը՝ վեճի է բռնվել նրա հետ, որի ընթացքում 45-ամյա տղամարդը իր մոտ եղած դանակով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել վերջինիս կենսական կարևոր օրգաններին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել և դիմել է փախուստի:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 45-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ն մասի և 34-104-րդ (սպանության փորձ) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: