Լրահոս
07.09.20, 10:29

Արմավիրի մարզի 50-ամյա բնակիչը կալանավորվել է՝ տարիներ առաջ ՌԴ-ում իր ծանոթուհուն դիտավորությամբ կյանքից զրկելու համար

Արմավիրի մարզի 50-ամյա բնակիչը կալանավորվել է՝ տարիներ առաջ ՌԴ-ում իր ծանոթուհուն դիտավորությամբ կյանքից զրկելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ռուսաստանի Դաշնությունում տարիներ առաջ տեղի ունեցած դիտավորությամբ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի 50-ամյա բնակիչը՝ գտնվելով Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի Տոսնոյի շրջանում,  2015թ. հոկտեմբերի 7-8-ն ընկած ժամանակահատվածում իր ծանոթուհու հետ անձնական խնդիրների պատճառով առաջացած վեճի ընթացքում՝ ապօրինաբար  դիտավորությամբ նրան կյանքից զրկելու նպատակով, բութ առարկայով, պտուտակահանով և էլեկտրաշոկային զենքով բազմաթիվ հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, որի հետևանքով կինը մահացել է: Օրեր անց՝ հոկտեմբերի 12-ին,  դին հայտնաբերվել է տարածաշրջանի կենցաղային թափոնների աղբանոցում՝ նավթամուղային խողովակաշարերի տեխնիկական վայրէջքի գծային հատվածում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 50-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: