«Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը ձերբակալվել է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, յուրացում կատարելու կասկածանքով
ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի վարույթ է ընդունվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, յուրացում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից հարուցված քրեական գործը և ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը, պայմանագրով չնախատեսված հողատարածքում խոտհունձ կազմակերպելը թույլատրելու համար, շրջակա գյուղերի բնակիչներից պահանջել և ստացել է կաշառք:
Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև՝ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի կողմից իր վստահությանը հանձնված գույքի՝ հողատարածքների վարձակալության գումարներն առերևույթ յուրացնելու վերաբերյալ:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդված 1-ին մասով, 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով (8 դրվագ), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 311-րդ հոդված 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 311-րդ հոդված 3-րդ մասի 3-րդ կետով, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում:
ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը ձերբակալվել է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, յուրացում կատարելու կասկածանքով և հարցաքննվել:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: