Լրահոս
17.10.18, 13:59

Արթիկում անչափահասին դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ

Արթիկում անչափահասին դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու անչափահասի դանակահարության դեպքի հանգամանքները:

2018թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 22:06-ին, Արթիկ քաղաքի բնակչուհին ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, վիճաբանություն է տեղի ունեցել բակում և որ հավաքվածներից լսել է, որ իր թոռը դանակահարվել է:

Նույն օրը՝ ժամը 22:50-ին, Արթիկի բժշկական կենտրոն ՓԲ ընկերություն է տեղափոխվել  Արթիկ քաղաքի բնակիչ՝ ծնված 2002  թվականին՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք  (պտկային գիծ, 7-րդ միջկող), պլևրոպուլմոնալ շոկ» ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննությամբ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անչափահասը մարմնական վնասվածքն ստացել է Արթիկ քաղաքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Տվյալներ են ձեռք բերվել՝ վիճաբանության շարժառիթի, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնության վերաբերյալ, ովքեր Շիրակի մարզի բնակիչներ են՝ ծնված 1995 և 1992 թվականներին:

Մասնավորապես՝  2018թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Արթիկ քաղաքում բնակվող մի խումբ երիտասարդներ փողոցում վիճաբանել են նույն քաղաքի բնակիչների՝ հոր և որդու հետ, որի ընթացքում վիճաբանող երիտասարդներից մեկը՝ 23 տարեկան, դանակով սպառնալիքներ է հնչեցրել վերջիններիս հասցեին, իսկ վիճաբանության մասնակից երիտասարդներից մեկն էլ, ով 26 տարեկան է, ձեռքին եղած դանակով հարվածել 16-ամյա երիտասարդին:

Բացի այդ, նաև Արթիկ քաղաքի մի խումբ բնկաիչներից է հաղորդում ստացվել առ այն, որ մի խումբ երիտասարդներ դիտավորյալ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, վիճաբանել, աղմկել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Հաշվի առնելով, որ ձեռք բերված տվյալների համաձայն՝ նշված երկու հաղորդումները վերաբերում են նույն միջադեպին՝ որոշում է կայացվել՝ հարուցված երկու քրեական գործերը մեկ վարույթ միացնելու վերաբերյալ:

Ենթադրյալ հանցագործություն կատարելու կասկածանքով 23 և 26-ամյա երիտասարդները ձերբակալվել են:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են վկաներ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ: Հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ վիճաբանությանը մասնակից անձանց շրջանակը պարզելու և վարույթ իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: