Ավարտվել է 20-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 20-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Երևանի 38-ամյա բնակչին:
Երևանի 1998թ. ծնված բնակչի դին հայտնաբերվել է 2018 թվականի մայիսի 17-ի առավոտյան՝ Սիլիկյան թաղամասի 3-րդ գյուղից դեպի գերեզմանատան 2-րդ հատվածի ուղղությամբ ձախ հատվածում՝ փորվածքի մեջ՝ մետաղական լարով կապված և այրված, պարանոցի շրջանում՝ կտրած-ծակած վնասվածքներով։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության դեպքի իրական վայրը, հանգամանքները, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևանի բնակիչ՝ ծնված 1980թ.:
Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 20-ամյա երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է 2018թ. մայիսի լույս 16-ի գիշերը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում գտնվող ավտոտնակներից մեկում՝ խնջույքի ժամանակ կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ։ Նախ դանակով հարվածներ են հասցվել տուժողի պարանոցի հատվածին, այնուհետև՝ հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով դիակը տեղափոխվել Սիլիկյան թաղամասի գերեզմանատան մոտ, որտեղ էլ դիակի վրա լցվել է յուղ և բենզին ու այրվել։
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1980թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: