Ավարտվել է 35-ամյա տղամարդու կողմից իր կնոջ հորը սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ավարտվել է Երևան քաղաքի Եկմալյան փողոցում 2020թ. մարտի 19-ին Երևանի 49-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում կատարված ծավալուն քննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ դեպքի օրը Երևան քաղաքի 35-ամյա բնակիչը, գտնվելով ալկոհոլային hարբածության վիճակում, անձնական հարցի շուրջ վիճաբանել է իր տանը հյուրընկալած կնոջ հոր հետ:
Այնուհետև, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, դուրս է եկել բնակարանից և դիտավորությամբ, հասարակության նկատմամբ ցուցաբերելով անհարգալից վերաբերմունք, մարդկանց անդորրը խախտելով, գիշերվա ուշ ժամին, իրական վտանգ ստեղծելով շրջապատում գտնվող բնակիչների կյանքի և առողջության համար, քննությամբ չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում ապօրինի ձեռք բերված և իր բնակրանում պահած «AK-74» տեսակի ինքնաձիգից անկանոն կրակահերթ է արձակել փողոցի ուղղությամբ։ Ապա իջնելով շենքի առաջին հարկ՝ նա կրակոցներ է արձակել նաև մուտքի դռան ուղղությամբ՝ վնասելով այն:
Շարունակելով իր հանցավոր գործողությունները, չհանդուրժելով աներոջ կողմից իր հասցեին հնչեցված վիրավորանքը, ապօրինաբար վերջինիս կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, նա բարձրացել և կանգնել է իր բնակարանի մուտքի դռան դիմաց, թակել է դուռը, որից հետո մի քանի քայլ հետ գնալով և դիրքավորվելով՝ ինքնաձիգի փողն ուղղել է դեպի մուտքի դուռը։ Երբ կնոջ հայրը դուռը բացել է, գիտակցելով, որ բնակարանի նախասրահում հնարավոր է նաև այլ անձանց ներկայությունը և իր գործողությունների հետևանքով նրանց կյանքին սպառնացող իրական վտանգի առաջացման հնարավորությունը, վերջիններիս կյանքի համար վտանգավոր եղանակով ինքնաձիգից կրակահերթ է արձակել աներոջ կենսական կարևոր օրգանների ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով նա մահացել է:
Դեպքի վայրի զննությամբ 35-ամյա տղամարդու բնակարանում հայտնաբերվել են նաև ակոսափող հրազեն հանդիսացող «MP-654K» տեսակի օդաճնշիչ ատրճանակ, ինչպես նաև՝ ռազմամթերք հանդիսացող 5,45մմ և 7,62մմ տրամաչափերի մեկական փամփուշտներ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 35-ամյա տղամարդուն վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 9-րդ կետերով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով:
Սպանության և զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, հայտարարվել նախաքննության ավարտի մասին։ Դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։
Ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զենքի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: