Լրահոս
09.02.21, 13:15

Ավարտվել է 51-ամյա տղամարդու կողմից մոր սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Ավարտվել է 51-ամյա տղամարդու կողմից մոր սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 51-ամյա տղամարդու կողմից մոր սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. սեպտեմբերի 26-ի ժամը 21:00-ից մինչև հաջորդ օրվա 09:40-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի 51-ամյա բնակիչը, մոր հետ միայնակ գտնվելով իրենց բնակարանում, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ալկոհոլային հարբածության վիճակում բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս դեմքին և մարմնի տարբեր հատվածներին, որն առողջական խնդիրների պատճառով  գտնվում էր անկողնային պայմաններում, այնուհետև ձեռքերով սեղմելով նրա բերանի և պարանոցի օրգանները, մեխանիկական շնչահեղձության եղանակով սպանել է մորը:   

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով:  Վերջինս կալանավորվել է:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: