Ավարտվել է անչափահասի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Լոռու մարզում անչափահասի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջարվել 2004թ. ծնված անչափահասին:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 16:20-ին, Լոռու մարզի` 2004 թվականին ծնված բնակիչը «կրծքավանդակի ձախ կեսի և պարանոցի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքեր, հեմոռագիկ շոկ՝ 4-րդ աստիճանի ագոնալ վիճակով» ախտորոշմամբ ընդունվել է ՀՀ ԱՆ «Տաշիր բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ նույն օրը, գիտակցության չգալով, մահացել է:
Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անչափահասը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է անձնական հարցերի շուրջ տեղի ունեցած միջադեպի ժամանակ՝ դանակի գործադրմամբ՝ իր հասակակցի կողմից:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2004թ. ծնված անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: