Ավարտվել է դպրոցում 3-րդ դասարանի աշակերտուհուն կողոպտելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է երրորդ դասարանի աշակերտուհուն դպրոցում կողոպտելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
2016 թվականի փետրվարի 11-ին գրավոր հաղորդում էր ստացվել առ այն, որ նույն օրը` ժամը 11:45-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի զուգարանում մի կին փորձել է կողոպտել անչափահաս աղջկան՝ ականջներից ստիպողաբար հանելով ոսկյա ականջօղերը:
Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի քննությամբ հիմնավորվել է, որ 2016 թվականի փետրվարի 11-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի 62-ամյա բնակչուհին, Վանաձոր քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի զուգարանում նույն դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, ականջներից ստիպողաբար քաշելով հանել է ոսկյա ականջօղերը և փորձել բացահայտ հափշտակել դրանք, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ անչափահասի օգնության կանչից ուսուցչուհիներից մեկը շտապել է օգնության, կանխել, հետ վերցրել ականջօղերը և ահազանգել իրավապահներին:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 62-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքաննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: