Ավարտվել է Երևանում կատարված մոտ մեկ տասնյակ գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Երևանում կատարված մի շարք գողությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Երևանի բնակիչները՝ ծնված 1989թ. և 1991թ, նախնական համաձայնության գալով սրճեփ սարքի դրամարկղից գողություն կատարելու շուրջ, 2015 թվականի հունվարի 26-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են երևան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող սրճեփ սարքի դրամարկղը, գաղտնի հափշտակել զգալի չափի մետաղադրամներ, հավասարապես բաժանել միմյանց միջև և վերադարձել տուն։
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև 29 և 27-ամյա երիտասարդների կողմից 2015թ. հունվար-փետրվար ամիսներին կատարած գողության, ինչպես նաև գողության փորձի այլ դեպքերի վերաբերյալ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 2015թ. ապրիլի 27-ին Երևանի 29-ամյա բնակիչը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ 8 դրվագ և ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ 2 դրվագ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել է հետախուզում։
2018թ. դեկտեմբերի 21-ին 29-ամյա երիտասարդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին: Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ 8 դրվագ և ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ 2 դրվագ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատվել է դատարանի կողմից՝ միաժամանակ թույլատրելի համարելով նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը:
Երևանի 27-ամյա բնակչին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ 8 դրվագ և ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ 2 դրվագ: Նրա մասով քրեական գործն առանձնացվել էր առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: