Ավարտվել է Գեղամասար գյուղի բնակչուհի Շ.Գյուլումյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. 2 անձի մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ավարտվել է Գեղամասար գյուղի բնակչուհի Շ.Գյուլումյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ փետրվարի 23-ին ահազանգ է ստացվել առ այն, որ Գեղամասար գյուղի բնակչուհի Շուշանիկ Գյուլումյանը (ծնված՝ 1943 թ.) տանիքից վայր ընկնելու հետևանքով մահացել է։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ փորձագետների հետ միասին:
Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ կնոջ մահը հետևանք է ոչ թե դժբախտ պատահարի, այլ՝ կիրառված բռնության։ Դիակի զննությամբ տուժողի գլխի և պարանոցի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ. մահվան մասին թիվ 17 բժշկական վկայականի համաձայն՝ Շ.Գյուլումյանի մահվան անմիջական պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության հոդվածով, և ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են դեպքի մի շարք հանգամանքեր՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, շարժառիթը, ինչպես նաև՝ հանցագործության կատարման եղանակը:
Նախնական քննությամբ հիմնավորվել է, որ երկու երիտասարդ, Շ. Գյուլումյանին սպանելու և նրանից գումար հափշտակելու դիտավորությամբ, 2016թ. փետրվարի 23-ին այցելել են կնոջ բնակարան՝ հեռուստացույցի թվայնացման սարքը ստուգելու պատրվակով։ Կինը և երիտասարդները ալեհավաքի մալուխը վերանորոգելու պատրվակով բարձրացել են տանիք, որտեղ երիտասարդներից մեկը փորձել է նրան շնչահեղձ անել՝ իր հետ նախապես վերցրած հակի թելերից պատրաստած պարանով, իսկ մյուսը մետաղյա ձողով մի քանի անգամ հարվածել է կնոջ գլխին: Մտածելով, որ Շ.Գյուլումյանը մահացել է՝ երիտասարդներն իջել են տանիքից և մտել տուն, որտեղից հափշտակել են նրա ոսկյա զարդերը։ Տանից դուրս գալով՝ նկատել են, որ կինը ողջ է և իջնում է տանիքից՝ կանչելով օգնություն։ Վերջինիս սպանելու համար երիտասարդներից մեկը աղյուսե սալիկով հարվածել է կնոջ գլխին, այնուհետև տարել տուն, որտեղ շնչահեղձ անելու եղանակով սպանել նրան:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ երկու երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: