Ավարտվել է Գուսանագյուղ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդունքում պարզվել են Գուսանագյուղ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, վատնման եղանակով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, Գուսանագյուղ համայնքի ղեկավարը, 2005թ. նոյեմբերից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական դրդումներով, 2015-2016թթ. ընթացքում դրամաշնորհային պայմանագրեր կնքելով համայնքապետարանի և իր որդու նախագահությամբ գործող «Գուսանագյուղ համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվի միջև, կոոպերատիվին անհատույց փոխանցել է խոշոր չափերով՝ 1.426.000 ՀՀ դրամ գումար՝ այդ կերպ վատնման եղանակով հափշտակել է այն:
Բացի այդ, շարունակելով իր հանցավոր մտադրությունը, նախնական համաձայնության գալով համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարի հետ, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառումներ մտցնելով և այն շրջանառության մեջ դնելով` ներկայացրել է Շիրակի մարզպետարան և առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 9.475.326 ՀՀ դրամ արժողությամբ «ՍՊՈՒ-4» շարքացանը և «ՄՏԶ-82.1» մակնիշի տրակտորն անհատույց, սեփականության իրավունքով, տրամադրվել է որդու նախագահությամբ գործող հիշյալ սպառողական կոոպերատիվին, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել համայնքի և պետության իրավունքներին ու օրինական շահերին` առաջացնելով ծանր հետևանքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գուսանագյուղ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: