Ավարտվել է Հառիճ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Հառիճ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով, որ Հառիճ համայնքում գտնվող 7-19դդ. Հառիճավանք վանական համալիրը, որը Շիրակի մարզպետի և Հառիճ համայնքի ղեկավարի ստորագրություններով ու կնիքներով դեռևս 2011թ. դեկտեմբերի 15-ին համաձայնեցվել ու ՀՀ մշակույթի նախարարի ստորագրությամբ ու կնիքով 2012թ. հունվարի 10-ին հաստատվել է որպես պատմության և մշակույթի հուշարձանի պահպանական գոտիների նախագիծ, դասվում է պատմամշակութային նշանակության հողերի կատեգորիային, ունի այդ հողերի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավիճակ, օգտագործման ռեժիմ և այդ տարածքում հողհատկացումները, գյուղատնտեսական, շինարարական և այլ աշխատանքները համաձայնեցվում են ՀՀ մշակույթի նախարարության հետ, վանական համալիրի պահպանական գոտում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական, արոտավայրերի գործառնական նշանակության հողամասը, առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու, համայնքի ավագանու որոշմամբ, 25 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, 7.000 ՀՀ դրամ տարեկան վարձավճարով, վարձակալությամբ տրամադրել է իր քրոջ որդուն:
Վերջինս, գտնվելով Իրաքի Արաբական Հանրապետությունում, դեռևս քննությամբ չպարզված անձանց միջոցով, առանց համապատասխան թույլտվության, վանքի պարիսպի տակ կառուցել է քարե շինություն՝ «մատաղատուն»՝ այդ կերպ էական վնաս պատճառելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու իրավունքներին և օրինական շահերին:
Բացի այդ, քննությամբ նաև հիմնավորվել է, որ համայնքի ղեկավարը, ուղղակի դիտավորությամբ, միջոցներ չի ձեռնարկել՝ կանխելու և կասեցնելու ինքնակամ կառուցումը, ինքնակամ կառույց իրականացրած անձի նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները դիտավորությամբ չի կիրառել:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հառիճ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: