Լրահոս
05.02.21, 13:29

Ավարտվել է խոշոր չափերով գողության, ապօրինի կերպով ձեռք բերված հրազենից սպանության փորձ կատարելու, գույքը դիտավորյալ վնասելու, զգալի չափերով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Ավարտվել է խոշոր չափերով գողության, ապօրինի կերպով ձեռք բերված հրազենից սպանության փորձ կատարելու, գույքը դիտավորյալ վնասելու, զգալի չափերով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են խոշոր չափերով գողություն, ապօրինի կերպով ձեռք բերված և պահված հրազենից երկու և ավելի անձանց դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու փորձ կատարելու և զգալի չափերով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու դեպքերի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 27-ամյա բնակիչը՝ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով 33-ամյա համաքաղաքացու հետ, 2019թ. հունվարի 4-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Երևան քաղաքի Վարդանանց 2-րդ նրբանցքի շենքերից մեկի հարակից տարածքում գտնվող ավտոտնակի մուտքի դուռը և այնտեղից գաղտնի հափշտակել խոշոր չափերով՝ 1.116.200 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ տարբեր տեսակի օղիներ, որոնք տեղավորել են իրենց կողմից տնօրինվող ավտոմեքենաների մեջ և հեռացել:

Բացի այդ, 27-ամյա տղամարդը 2019թ. հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը, գտնվելով Երևան քաղաքի Մալաթիա փողոցի տներից մեկում,  անձնական հարցերի շուրջ վիճաբանել է նույն տանը բնակվող իր հորեղբոր հետ և վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից մի քանի անգամ կրակոցներ է արձակել վերջինիս ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չհասցնելով հեռացել է:

27-ամյա տղամարդը հիշյալ հանցանքները կատարելու մեղադրանքով գտնվելով հետախուզման մեջ, 2020թ. փետրվարի 26-ին, Երևան քաղաքի Շինարարներ փողոցի շենքերից մեկի բակում, ՀՀ ոստիկանության ծառայողներից կողմից իրեն բերման ենթարկելը խափանելու նպատակով իր կողմից շահագործվող «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայով դիտավորյալ հարվածել է ոստիկանության աշխատակիցներից մեկի ծառայողական ավտոմեքենային, ինչպես նաև դիտավորյալ հարվածել և վնասել է բակում կայանված քաղաքացիների ավտոմեքենաները և դիմել փախուստի:

Այնուհետև 2020թ. փետրվարի 28-ին` ժամը 17:00-ի սահմաններում, 27-ամյա տղամարդը գտնվելով  Երևան քաղաքի Ա.Միկոյան փողոցում գործող հյուրանոցային համալիրներից մեկի առանձնասենյակում, նկատելով ոստիկանության աշխատակիցների կողմից հյուրանոցային համալիրի տարածք մտնելու և այն շրջափակելու հանգամանքը, իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակ է արձակել վերջիններիս ուղղությամբ, որի ընթացքում վնասել է ոստիկանությանն ամրակցված ավտոմեքենան: Այնուհետև լսելով ոստիկանության աշխատակիցների հորդորները՝ հյուրանոցային համարի պատուհանից ցած գցելով  իր մոտ գտնվող ապօրինի պահվող «AK-74» մոդելի ինքնաձիգը, բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել է զգալի չափերով 0,11 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 27-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,  235-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 33-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: 27-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ 33-ամյա տղամարդու նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ՝ ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: