Ավարտվել է կողոպուտի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնության գործադրմամբ քաղաքացուն կողոպտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ 32-ամյա տղամարդն իր մի քանի ժամվա ծանոթից 2015 թվականի ապրիլի 7-ին, «Ռոսիա» տոնավաճառի հարակից տարածքում խնդրել է 1.000 ՀՀ դրամ։ Ստանալով մերժում՝ տղամարդը քայլել է նրա ետևից և կանգառում հարձակվել նրա վրա, կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով գցել գետնին և հափշտակել առկա կանխիկ գումարը, ժամացույցը, մետաղյա մատանին, բջջային հեռախոսը և դիմել փախուստի:
Նախաքննությամբ պարզվել է տղամարդու ինքնությունը, և մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: