Լրահոս
19.06.18, 10:25

Ավարտվել է մաեստրո Հովհաննես Չեքիջյանի տանից կատարված գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Ավարտվել է մաեստրո Հովհաննես Չեքիջյանի տանից կատարված գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Վահագնի թաղամասում գտնվող մի շարք տներից, այդ թվում՝ մաեստրո Հովհաննես Չեքիջյանի տանից, կատարված գողության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

2018թ. հունվարի 12-ին` ժամը 23:50-ին, ահազանգ էր ստացվել՝ Վահագնի թաղամասի տներից մեկում կատարված գողության վերաբերյալ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ ժամը 22:40-ի սահմաններում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով Երևան քաղաքի Վահագնի թաղամասի տներից մեկի պատուհանը, մուտք է գործել և հափշտակել տարբեր զարդեր:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Վանաձորի բնակիչ է՝ ծնված 1984թ.:

Բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել են նույն անձի կողմից 2017թ. նոյեմբերից մինչև 2018թ. հունվար ամիսներն ընկած ժամանակահատվածում Վահագնի թաղամասում կատարված մի շարք այլ գողություններ, այդ թվում՝ փաստական տվյալներ ձեռք բերվել, որ նրա կողմից է իրականացվել նաև մաեստրո Հովհաննես Չեքիջյանի՝ Վահագնի թաղամասում գտնվող տանից 2017 թվականի նոյեմբերին արձանագրված գողությունը։

Մասնավորապես՝ 2017 թվականի նոյեմբերի 30-ին` ժամը 21:00-ի սահմաններում, 34-ամյա տղամարդը, տեխնիկական միջոցի գործադրմամբ բացելով Հովհաննես Չեքիջյանին պատկանող առանձնատան խոհանոցի մուտքի դուռը, ապօրինի մուտք է գործել ներս և բնակարանի հյուրասենյակից հափշտակել հուշամեդալներ, շքանշաններ, սրբապատկերներ և այլ իրեր, որոնց մի մասը հայտնաբերվել է նրա բնակարանում կատարված խուզարկության արդյունքում, մի մասն էլ՝ գնորդների բնակարաններում։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 34-ամյա վանաձորցի տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (մեկ դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (երկու դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետով (մեկ դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մեկ դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: