Լրահոս
15.06.18, 13:14

Ավարտվել է փաստաբանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Ավարտվել է փաստաբանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է փաստաբանների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 3 անձի:

Դեպքը տեղի է ունեցել 2017թ. ապրիլի 27-ին` ժամը 14:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 2 հասցեում գտնվող աշխատասենյակներից մեկում. նախնական քննության տվյալներով՝ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել ՀՀ փաստաբանների պալատի անդամների միջև, որի ժամանակ փաստաբանները հարվածներ են հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ երեք անձի առաջադրվել է մեղադրանք. Ա.Սողոմոնյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով, Ս.Բաբայանին և Ա.Հարությունյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: