Ավարտվել է շանտաժի եղանակով սեռական հարաբերության հարկադրելու դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը. գործը դատարանում է
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է շանտաժի եղանակով անձին սեռական հարաբերության հարկադրելու դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը:
Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ տղամարդը «ВКонтакте. com» սոցիալական կայքում գրանցել է իգական սեռի ներկայացուցչի անուն ազգանունով էջ և դրա միջոցով ծանոթացել ու նամակագրություն է վարել անչափահաս աղջկա հետ: Փոխադարձ շփման ընթացքում նա տեղեկացել է, որ աղջիկը 13 տարեկան է, սակայն շարունակելով կայքի միջոցով շփվել նրա հետ՝ համոզել և նրանից ստացել է վերջինիս մերկ լուսանկարը, որն ստանալուց հետո տղամարդն իր կողմից օգտագործվող այլ էջից հաղորդագրություններ է ուղարկել դպրոցահասակ աղջկան, ներգործել նրա հոգեկան աշխարհի վրա, շանտաժի ենթարկել և պահանջել ու ստացել է վերջինիս մերկ մի քանի այլ լուսանկարներ ևս: Այնուհետև, դարձյալ շանտաժի ենթարկելով՝ պահանջել է իր հետ սեռական հարաբերություններ ունենալ՝ սպառնալով իր պահանջը չկատարելու դեպքում նշված լուսանկարներն ուղարկել նրա դասընկերներին, ինչպես նաև՝ տարածել համացանցով՝ այդկերպ անչափահասին հարկադրելով իր հետ սեռական հարաբերություններ ունենալ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև՝ նույն տղամարդու կողմից շանտաժի եղանակով երեք այլ անձանց սեռական հարաբերության հարկադրելու դեպքերի վերաբերյալ ևս:
Այսպես՝ տղամարդը «ВКонтакте. com» սոցիալական կայքում դարձյալ գրանցել է իգական սեռի ներկայացուցչի անուն ազգանունով մեկ այլ էջ և դրա միջոցով ծանոթացել ու նամակագրություն է վարել Լոռու մարզի բնակչուհու հետ, ներգործել է նրա հոգեկան աշխարհի վրա, շանտաժի ենթարկել, պահանջել և ստացել է վերջինիս մերկ լուսանկարները, շանտաժի ենթարկելով` պահանջել է իր հետ սեռական հարաբերություններ ունենալ՝ սպառնալով հիշյալ պահանջը չկատարելու դեպքում նշված լուսանկարները հրապարակել նրա համագյուղացիների, հարազատների շրջանում` այդկերպ կնոջը հարկադրելով իր հետ սեռական հարաբերություններ ունենալ:
Բացի այդ, տղամարդը նույն եղանակով ծանոթացել է մեկ այլ՝ 16 տարին լրացած աղջկա հետ, համոզել և նրանից ստացել է վերջինիս մերկ լուսանկարները: Լուսանկարներն ստանալուց հետո տղամարդը հաղորդագրություններ է ուղարկել դպրոցահասակ աղջկան և ներգործելով նրա հոգեկան աշխարհի վրա ու շանտաժի ենթարկելով՝ պահանջել է իր հետ սեռական հարաբերություններ ունենալ՝ սպառնալով հակառակ դեպքում նշված լուսանկարները տարածել համացանցով՝ այդկերպ տասնվեց տարին լրացած անչափահասին հարկադրելով իր հետ ունենալ սեռական հարաբերություններ:
Մեկ այլ դեպքով նույն տղամարդը «facebook.com» սոցիալական կայքում նամակագրություն է վարել Տավուշի մարզի բնակչուհու հետ, փոխադարձ շփման ընթացքում ներգործել է վերջինիս հոգեկան աշխարհի վրա, շանտաժի ենթարկել, պահանջել և ստացել է վերջինիս մերկ լուսանկարները: Նշված լուսանկարներն ստանալուց հետո, դարձյալ շանտաժի ենթարկելով, տղամարդը կնոջից պահանջել է իր հետ սեռական հարաբերություններ ունենալ՝ սպառնալով պահանջը չկատարելու դեպքում նշված լուսանկարները հրապարակել նրա համագյուղացիների, հարազատների շրջանում՝ այդկերպ կնոջը հարկադրելով իր հետ սեռական հարաբերություններ ունենալ:
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործ՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: