Լրահոս
04.10.21, 13:06

Ավարտվել է սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Ավարտվել է սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 35-ամյա տղամարդու սպանության դեպքի բոլոր հանգամանքները:

Քննությամբ պարզվել է, որ Վանաձոր քաղաքի 37-ամյա բնակիչը ավտովթարի հետևանքով քրոջ որդու մահն անզգուշությամբ առաջացնելու համար վրեժխնդիր լինելու դրդապատճառով, 2021թ. մարտի 23-ին՝ ժամը 10:40-ին, ավտոմեքենայով գնացել է 35-ամյա համաքաղաքացու բնակության վայր, հեռախոսազանգով դուրս հրավիրել նրան և ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ իր հետ նախապես վերցրած որսորդական հրացանով ավտոմեքենայի սրահից կրակոցներ է արձակել վերջինիս կենսական կարևոր օրգանների՝ գլխի և կրծքավանդակի շրջաններին, պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 37-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: