Ավարտվել է սպանության փորձի և ապօրինի զենք կրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է սպանության փորձի և ապօրինի զենք պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի` 1988 թվականին ծնված բնակչին:
Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 30-ամյա տղամարդը Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասում ծագած վիճաբանության ժամանակ, փայտե մահակով դիտավորությամբ հարվածել է իր ծանոթի գլխին և նրա առողջությանը պատճառել աջ քունքային շրջանի սալջարդ վերքի ձևով մարմնական վնասվածք։
Այնուհետև, իր հասցեին հնչեցված հայհոյանքներից բորբոքվելու արդյունքում, չբավարարվելով տուժողի առողջությանը պատճառած վնասով, հանցավոր գործողությունները շարունակելով, ապօրինաբար վերջինիս կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող ինքնաշեն եղանակով պատրաստված, ակոսափող հրազեն հանդիսացող թմբուկավոր ատրճանակից երկու անգամ կրակել է ծանոթի ուղղությամբ՝առողջությանը պատճառելով «ձախ արմնկային հոդի շրջանի՝միջանցիկ, գլխային երակի, մկանների վնասումներով, ձախ բազկոսկրի՝բաց, բեկորային,տեղաշարժված կոտրվածքով և ձախ գոտկային շրջանի՝ կույր, մկանների վնասումով՝ հրազենային, գնդակային վերքեր» ախտորոշմամբ մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 –րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: