Ավարտվել է սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Գորիս քաղաքի 40-ամյա բնակչի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ պարզվել է, որ հիշյալ 40-ամյա տղամարդը, գիտակցելով իր կողմից տրամադրված տեղեկատվության կեղծ լինելու իրողությունը, մեղադրանքի արհեստական ապացույց ստեղծելով զուգորդված սուտ մատնություն կատարելով, 28-ամյա համաքաղաքացուն մեղադրել է իր առողջությանը թեթև վնաս պատճառելու մեջ:
Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ հիշյալ 40-ամյա տղամարդը 2021թ. հուլիսի 13-ին շենքի բակում վայր ընկնելու հետևանքով վնասել է ծնկահոդը՝ ստանալով թեթև վնաս:
Այնուհետև, վերջինս տեղեկանալով, որ նույն օրը Գորիս քաղաքում 28-ամյա համաքաղաքացու և իր ընկերոջ միջև տեղի է ունեցել վիճաբանություն և ընկերը մեղադրվում է դեպքի վայրում ինքնաձիգով կրակոցներ արձակելու և մի շարք անձանց հրազենային վնասվածքներ պատճառելու համար, նրան որևէ կերպ օգնելու նպատակով, գրավոր հաղորդում, ինչպես նաև ցուցմունքներ է տվել, որ հիշյալ օրը առաջացած վեճի ժամանակ, բաժանելու նպատակով մոտեցել է տղաներին, սակայն 28-ամյա երիտասարդն ատրճանակով կրակել է իր ոտքին՝ պատճառել մարմնական վնասվածք, որից հետո վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել է վայր ընկնելու ժամանակ իր հագին եղած տաբատը և հայտարարել, որ տաբատի դիմային հատվածում առկա անցքն առաջացել է երիտասարդի կողմից արձակած կրակոցից:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գորիս քաղաքի 40-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: