Լրահոս
16.01.16, 12:49

Ավարտվել է թիվ 1/07 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել հանձնաժողովի անդամին

Ավարտվել է թիվ 1/07 ընտրատեղամասում այլ անձի  փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել հանձնաժողովի անդամին


ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է թիվ 1/07 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Դեկտեմբերի 23-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել են «1in.am» տեղեկատվական հարթակում «Լուսավոր Հայաստան»-ի անդամ Մանե Թանդիլյանի փոխարեն քվեարկել են» վերտառությամբ հրապարակված նյութի հիման վրա ոստիկանության Նոր Նորք բաժնում նախապատրաստված նյութերը։

Պարզվել է, որ 1/07 ընտրատեղամասի ընտրող Մանե Թանդիլյանը դեկտեմբերի 6-ին այցելել է ընտրատեղամաս՝ մասնակցելու քվեարկությանը, որտեղ նկատել է, որ իր փոխարեն գրանցամատյանում արդեն ստորագրված է, ինչի մասին բարձրաձայնել է: Դեպքի վերաբերյալ կազմվել է արձանագրություն, իսկ Մ.Թանդիլյանը հեռացել է ընտրատեղամասից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում դեկտեմբերի 25-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով:

Նախաքննությամբ պարզվել է  Մ.Թանդիլյանի փոխարեն քվեարկություն կատարած անձի ինքնությունը։

Ձեռք բերված ապացույցների համաձայն՝  թիվ 1/07 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Կ. Ստեփանյանը ընտրողի տվյալների դիմաց  գրառել է մտացածին անձնագրային տվյալներ, ստորագրել  և կնքել իրեն հատկացված կնիքով, ապա՝ քվեաթերթիկը գցել քվեատուփի մեջ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կ.Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: