Լրահոս
18.02.16,
14:03
Ավարտվել է թիվ 2/11 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է թիվ 2/11 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին անցկացված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ թիվ 2/11 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Ա.Գրիգորյանը այլ անձանց փոխարեն քվեարկելու դիտավորությամբ մտացածին տվյալներ է լրացրել նշված տեղամասի ընտրողների ցուցակներում ընգրկված, նույն բնակարանում հաշվառված Ա. և Կ.Մանուկյանների անվան դիմաց, ստորագրել և կնքել իրեն հատկացված կնիքի դրոշմով։ Ա.Գրիգորյանը չի հասցրել այլ անձանց փոխարեն քվեարկությունն ավարտին հասցնել իր կամքից անկախ հանգամանքներում. նշված դեպքը հայտնաբերվել և կանխվել է տվյալ ընտրատեղամասի հանձնաժողովի մեկ այլ անդամի կողմից:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով՝ այլ անձանց փոխարեն քվեարկության փորձ կատարելու համար:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքաննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: