Ավարտվել է թիվ 39/39 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. օժանդակողի մասով անջատվել է առանձին վարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է թիվ 39/39 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Վայոց ձորի բնակիչ Վ.Ստեփանյանը 2015թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, թիվ 39/39 ընտրատեղամասում մասնակցել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին, որից հետո նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, եղբոր փոխարեն քվեարկելու պատրվակով կրկին մտել է նույն ընտրատեղամաս, ստացել քվեաթերթիկ և կատարել կրկնակի քվեարկություն: Նշված հանգամանքը հայտնաբերվել է ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Կարինե Հաբեթյանի կողմից և գրավոր հաղորդում ներկայացրել ոստիկանության Վայքի բաժին։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վ.Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Նրա մասով քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ուղարկվել դատարան:
Քրեական գործի նյութերով քննիչը հունվարի 20-ին որոշում է կայացրել այլ անձի փոխարեն քվեարկելուն Վ.Ստեփանյանին օժանդակելու մասով անջատել առանձին վարույթ, որով նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: