Ավարտվել է Վանաձոր քաղաքի բնակչի կողմից կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի բնակչի կողմից կնոջը ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ կնոջ նկամամբ բռնություն գործադրելու համար:
Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2016 թվականի օգոստոսի 29-ին՝ ժամը 13-ի սահմաններում, իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել ամուսինների միջև, որի ժամանակ ամուսինը ծեծել է կնոջը՝ դիտավորությամբ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին:
Իր նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ տուժած կինն ահազանգել է ոստիկանություն, ինչի մասին տեղեկանալով՝ ամուսինը կրկին նրան ծեծի է ենթարկվել՝ ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (2 դրվագ):
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: