Լրահոս
06.09.18, 07:59

Ավազակային հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի

Ավազակային հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ ավազակության դեպքի բոլոր հանգամանքները:

Լոռու մարզի բնակիչը հաղորդում է տվել առ այն, որ ինքը և ևս երկու տղամարդիկ ուրիշի՝ զգալի չափերով գույքը հափշտակելու նպատակով, նախնական համաձայնությամբ, խմբով, 2018թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Լոռու մարզի  «Արջիթալա» կոչվող վայրում հարձակվել են Լոռու մարզի բնակիչ Ա.Աղաջանյանի վրա և կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, այն է՝ փայտերով հարվածներ հասցնելով վերջինիս մարմնի տարբեր մասերին, հափշտակել նրա ոսկյա շղթան, ոսկյա մատանին և կանխիկ գումար:

Դեպքի առթիվ 2018թ. սեպտեմբերի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:

Նախաքննությամբ պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած երեք տղամարդիկ նախնական համաձայնություն են ձեռք բերել՝ «Արջիթալա» կոչվող վայրում գտնվող շինությունների նկատմամբ պահպանություն իրականացնող աշխատակցի՝ Ա.Աղաջանյանի գույքը հափշտակելու շուրջ, կատարել դերաբաշխում:

Ըստ քրեական գործի նյութերի՝ հաջորդ օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, տաքսի ավտոմեքենայով նրանք մեկնել են «Արջիթալա» կոչվող վայր: Ըստ դերաբաշխման՝  տղամարդկանցից մեկը, ով հաղորդում տվողն է, պահպանություն իրականացնող աշխատակցի հետ հանդիպել է մոտակա գարեջրատանը, միասին ալկոհոլ են օգտագործել: Տեղեկանալով Ա.Աղաջանյանի մոտ ոսկյա շղթա և մատանի լինելու մասին՝ տղամարդը հեռախոսով պայմանավորվածություն է ձեռք բերել մյուս երկուսի հետ այն մասին, որ տանը մոտենալուն պես՝  դիմակավորված հարձակվեն  նրա վրա և հափշտակեն ոսկյա զարդերը:

Երբ ժամը 20:00-ի սահմաններում Ա.Աղաջանյանը մոտեցել է իր տանը, հաղորդում տվող անձը թիկունքից հարվածել է նրան, որից հետո թաքստոցից դուրս են եկել նաև մյուս երկուսը՝ դիմակավորված և փայտերով զինված, և Ա.Աղաջանյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, որպես զենք օգտագործվող առարկաներով՝ փայտերով, հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ապա հափշտակել ոսկյա մատանին, ոսկյա շղթան և կանխիկ գումար, այնուհետև՝ նրան քարշ տվել իր բնակարան և դիմել փախուստի:

Բացի այդ, քննությամբ պարզվել է նաև, որ նշված անձինք մուտք են գործել Ա.Աղաջանյանի պահպանությանը հանձնված շինություն և այնտեղից ևս հափշտակել տարբեր տեսակի իրեր:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երեք տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ ավազակություն կատարելու համար: Նրանք ցուցմունքներ են տվել դեպքի շուրջ: Նրանցից երկուսն իրենց մեղավոր են ճանաչել մասնակի:

Օրենքով սահմանված կարգով իրականացված խուզարկությամբ նրանցից մեկի աշխատավայրից հայտնաբերվել և առգրավվել է հափշտակված ոսկյա մատանին և ոսկյա շղթան:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ նա մանրամասն նկարագրել է ավազակային հարձակման դեպքի հանգամանքները, տեղը, հայտնաբերվել և առգրավվել են նաև այն իրերը, որոնք հափշտակվել էին Ա.Աղաջանյանի պահպանության տակ գտնվող շինությունից: Կատարվել են առերես հարցաքննություններ, ստուգվել ցուցմունքներում մատնանշված հանգամանքները:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: