Լրահոս
17.03.16, 07:30

Ավազակային հարձակում Երևանում. անհատ ձեռնարկատիրոջ ուղղությամբ արձակվել են բազմաթիվ կրակոցներ

Ավազակային հարձակում Երևանում. անհատ ձեռնարկատիրոջ ուղղությամբ արձակվել են բազմաթիվ կրակոցներ


ՀՀ Քննչական կոմիտեի  Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Նոր Նորք վարչական շրջանում փոխանակման կետի վրա մարտի 16-ին տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։

Մարտի 16-ին՝ ժամը 17։40-ին, ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի շուկայի մոտ գտնվող տարադրամի փոխանակման կետի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել, որից հետո ավտոմեքենայով դիմել են փախուստի։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Արամ Հարությունյանի գլխավորությամբ։

Նախնական տվյալներով՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը ավազակային հարձակմամբ հափշտակելու նպատակով, դիմակավորված, ատրճանակով զինված, 2016թ-ի մարտի 16-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, մուգ կապույտ գույնի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով մոտեցել է անհատ ձեռնարկատեր Հ.Ասատրյանին պատկանող տարադրամի փոխանակման կետին։ Իջնելով մեքենայից՝ դիմակավորված անձը Հ.Ասատրյանի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնության գործադրման սպառնալիքով պահանջել է գումար, սակայն մերժում ստանալով, վերջինիս սպանելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝ բազմաթիվ կրակոցներ է արձակել նրա  ուղղությամբ։ Կրակոցների ձայները լսելով՝ փոխանակման կետին են մոտեցել  հարակից կրպակների աշխատակիցները, և դիմակավորված անձն ավտոմեքենայով դիմել է փախուստի։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 6 պարկուճ, 4 գնդակ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։

Մշակվել է քննչական պլան, առաջ քաշվել վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ։