Լրահոս
13.05.16, 07:42

Ավազակային հարձակում Երևանում. Ուրիշի տուն զինված ներխուժած անձանցից մեկը մահացել է, մյուսը՝ ստացել վնասվածք

Ավազակային հարձակում Երևանում. Ուրիշի տուն զինված ներխուժած անձանցից մեկը մահացել է, մյուսը՝ ստացել վնասվածք

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2016թ. լույս մայիսի 13-ի գիշերը տեղի ունեցած զինված ավազակային հարձակման դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ երկու տղամարդ 2016թ. մայիսի 13-իՆ՝ ժամը 04:25-ի սահմաններում, բաց պատուհանից ապօրինի մուտք են գործել Լ.Ավետիսյանին պատկանող տուն և ատրճանակի ու դանակի գործադրմամբ հարձակվել նրա և ընտանիքի անդամների վրա, նրանց կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` փորձել հափշտակություն կատարել, սակայն տան բնակիչները  վնասազերծել են նրանց:

Դեպքի առթիվ  Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել  է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է Լ.Ավետիսյանի տուն մուտք գործած անձանցից մեկի՝ Հ.Ֆալանջյանի  դիակը, որի մոտ  հայտնաբերվել է մեկ հատ կպչուն ժապավեն, մեկ հատ ատրճանակի պահունակ` 6 փամփուշտով։ Տան հյուրասենյակում հայտնաբերվել է մեկ հատ առանց գործարանային համարի ատրճանակ, խլացուցիչ, ննջասենյակի հատակին հայտնաբերվել է ատրճանակի 1 պահունակ` 4 փամփուշտներով, մեկ գնդակ, երկու պարկուճ, մեկ ծալովի դանակ,  ննջասենյակում  հայտնաբերվել է մեկ կպչուն ժապավեն, երկու հատ սև դիմակ, մեկ հատ պտուտակահան:

Դեպքի վայրին հարակից փողոցում հայտնաբերվել է Հ.Ֆալանջյանին պատկանող «Մերսեդս Բենց Ե 220» մակնիշի ավտոմեքենան` շարժիչը գործի գցելու համար նախատեսված բանալին անվի վրա դրված:

Ընտանիքի 5 անդամներից 4-ն ստացել են մարմնական վնասվածքներ, որոնցից 3-ը հոսպիտալացվել են.  Լ.Ավետիսյանը՝ որովայնի շրջանի հրազենային վնասվածք, Դ.Ավետիսյանը` աջ ուսային միջանցիկ հրազենային վերք, Ս.Հարությունյանը` կրծքավանդակի հետին մակերեսի և ձախ բազկի շրջանի կտրած, ծակած թափանցող վերքեր, հեմոպնևմոթորաքս ախտորոշմամբ, վնասվածք ստացած 4-րդ անձին հոսպիտալացնելու անհրաժեշտություն չի եղել:

Բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև Հ.Ֆալանջյանի հետ Ավետիսյանների տուն զինված մուտք գործած երկրորդ անձը՝ կրծքավանդակի հետին մակերեսի և ձախ բազկի շրջանի կտրած-ծակած թափանցող վերք, հեմոպնևմոթորաքս ախտորոշմամբ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, դատաբժշկական, համալիր դատահետքաբանական, դատաքիմիական, դատաձգաբանական, դատակենսաբանական և դատամատնադրոշմային փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: