Լրահոս
23.12.21, 13:16

Ավազակային հարձակում «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ին պատկանող արտադրամասում (լուսանկարներ)

Ավազակային հարձակում «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ին պատկանող արտադրամասում (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ին պատկանող արտադրամասում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով 2021թ. դեկտեմբերի 22-ին՝ ժամը 22:00-ից 22:30-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, ինքնաշեն եղանակով պատրաստված աստիճանով և տեխնիկական միջոցների կիրառմամբ բարձրացել են Երևան քաղաքի Մասիս փողոցում գտնվող «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ին պատկանող արտադրամասի պարսպի վրա և կտրելով այնտեղ առկա փշալարերը, ապօրինի մուտք են գործել նշված արտադրամասի տարածք, մտել մասնաշենք և մետաղյա լինգի գործադրմամբ ընկերության աշխատակցի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, դրամարկղից վերցրել են  առանձնապես խոշոր չափերով՝ 15.000.000 ՀՀ դրամի գումար և դիմել փախուստի:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են 1 հատ հարթաշուրթ, 1 հատ մետաղյա լինգ, 1 հատ ինքնաշեն աստիճան և պոլիէթիլենային տոպրակով խաղաքարտեր: Նշանակվել է մատնադրոշմային փորձաքննություն: Առգրավվել են ընկերության տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, հանձնարարություն է տրվել  հետաքննության մարմնին:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: