Ավազակային հարձակում՝ Գյումրիում (լուսանկարներ)
2021թ. հուլիսի 21-ին՝ ժամը 04:45-ին, Գյումրի քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 04:35-ի սահմաններում, իր բնակության վայրում հնչել են կրակոցներ:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:
Նախնական տվյալներով՝ 2021թ. հուլիսի 21-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը՝ դիմակավորված, հրազենով զինված, Գյումրի քաղաքի Պարոնյան փողոցի տներից մեկի ննջասենյակի պատուհանը տեխնիկական միջոցի գործադրմամբ բացելով, ապօրինի մուտք է գործել տուն, արթնացրել ննջասենյակում այդ պահին քնած ամուսիններին, հրազենի սպառնալիքով նրանցից պահանջել գումար և ոսկեղեն, ապա հափշտակելով տանտիրոջ կողմից ներկայացված գումարը՝ հրազենով կրակել է վերջինիս ստորին վերջույթին ու դիմել փախուստի, իսկ տանտերը, մարմնական վնասվածքով, տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին: Ամուսինները ճանաչվել են տուժող և ցուցմունք տվել դեպքի հանգամանքների շուրջ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: