Լրահոս
27.03.15, 15:38

Ավազակային հարձակում Նոյեմբերյանում. երկու անձի մեղադրանք է առաջադրվել

 
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում  ավարտվել է ոսկյա զարդերի խանութի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել  երկու անձի։
 
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Տաշիր քաղաքի բնակիչ, 24-ամյա Տ.Յարատովը և Ստեփանավանի բնակիչ  Ա.Գուրոկլյանը, նախնական պայմանավորվածության գալով, 2014թ. օգոստոսի 13-ին՝  ժամը 10:08-ին, մուտք են գործել Նոյեմբերյանի բնակչուհի, անհատ ձեռնարկատեր Ա.Զալինյանին պատկանող ոսկյա զարդերի խանութ։ Որսորդական դանակի գործադրմամբ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով Տ.Յարատովը  հարձակվել է վաճառողուհու վրա և պահանջել հանձնել ոսկյա զարդերը, իսկ  Ա.Գուրոկլյանը հսկել է  խանութի շրջակայքը։
 
Հանդիպելով  վաճառողուհու  դիմադրությանը՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձինք դիմել են փախուստի։  
 
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ  Տ.Յարատովին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերի և 235-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, իսկ Ա.Գուրոկլյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով։
 
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել  է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, ով հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ գործն ուղարկել դատարան։
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։