Լրահոս
16.09.15, 11:28

Ավազակային հարձակում Տավուշում

Ավազակային հարձակում Տավուշում


ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Տավուշի մարզի Բաղանիս գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։

2015թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 05:00-ին, ահազանգ է ստացվել, որ  Տավուշի մարզի Բաղանիս գյուղի բնակիչ Արարատ Հարությունյանի  նկատմամբ ավազակային հարձակում է կատարվել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական -օպերատիվ խումբը։  Պարզվել է, որ 2015թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, ավազակություն կատարելու նպատակով,  դիմակավորված երեք անձինք ապօրինի մուտք են գործել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի բնակիչ Արարատ Հարությունյանի տուն, ատրճանակի և դանակի գործադրմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, վերջինիս ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնելով պատճառել են մարմնական վնասվածքներ։  Ապա առերեւույթ հանցագործություն կատարած անձինք կպչուն ժապավենով, պարանով ու սավանի կտորներով կապկպել են նրա ու նրա կնոջ ձեռքերը, ոտքերը, բերանը, աչքերը, կնոջ ականջներից հանել ու հափշտակել ոսկյա ականջօղերը, ինչպես նաև վերցրել տանն առկա կանխիկ գումարը՝ ազգային արժույթով ու տարադրամով,  և դիմել փախուստի։

Դեպքի առթիվ 2015թ. սեպտեմբերի 16-ին Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արարատ Հարությունյանն ու նրա կինը ճանաչվել են տուժողներ և  հարցաքննվել:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:  Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: