Լրահոս
    05.08.21, 11:45

    Ավազակային հարձակում՝ վարկային կազմակերպության նկատմամբ

    Ավազակային հարձակում՝ վարկային կազմակերպության նկատմամբ

    2021թ. օգոստոսի 4-ին՝ ժամը 03:37-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, մուտք է գործել Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գործող «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության Իջևանի մասնաճյուղ, որտեղ աշխատակցի  կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու` ձեռքում առկա նռնակը պայթեցնելու սպառնալիքով վերջինից գումար է պահանջել, սակայն չստանալով այն՝ դիմել է փախուստի:

    Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

    Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, ընկերության վերոնշյալ աշխատակիցը ճանաչվել է տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք:

    Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ:

    Նախաքննությունը շարունակվում է:

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: