Լրահոս
22.09.23, 15:40

Ավազակություն՝ Երևանում. հափշտակվել է 5900 ԱՄՆ դոլար, ատրճանակ, բջջային 3 հեռախոս և անձնագիր. նախաձեռնվել է քրեական վարույթ

Ավազակություն՝ Երևանում. հափշտակվել է 5900 ԱՄՆ դոլար, ատրճանակ, բջջային 3 հեռախոս և անձնագիր. նախաձեռնվել է քրեական վարույթ

Իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցում խմբի կողմից բռնությամբ մեկ քաղաքացուց հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2023թ. սեպտեմբերի 22-ին Ոստիկանությունում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, անհայտ անձիք՝  թվով 3 հոգի, իրեն անսպասելի բռնության են ենթարկել՝ անկանոն հարվածներ հասցնելով դեմքին ու մարմնի տարբեր հատվածներինՀետո նրանից մեկը, օգտվելով իր անօգնական, ընկած վիճակից պոկելով հափշտակել է ուսին գցված պայուսակը, ինչից հետո խումբը դիմել է փախուստի:

Նախնական տեղեկությամբ՝  պայուսակի մեջ եղել է 5900 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, 2002 թվականին ՀՀ վարչապետի կողմից պարգևատրված  «Մակարով» տեսակի ատրճանակ, 3 հատ՝ տարբեր մոդելների բջջային հեռախոս և Ա.Հ-ի անձնագիրը:

Հաղորդման  առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում  ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով  նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում Ա.Հ-ն ճանաչվել  է տուժող:

Վերջինս վարույթն իրականացնող մարմնին հայտնել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձանց դեմքերը չի տեսել, քանի որ վերջիններս եղել են կապիշոնով գլխարկներով:      

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է Ա.Հ-ի պայուսակի գոտին, քրեական վարույթի համար նշանակություն ունեցող այլ իրեր և առարկաներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցներին տրվել են համապատասխան հանձնարարականեր՝ դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու, առերևույթ հանցագործություն կատարված անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: