Լրահոս
08.02.16, 15:32

Ավազակություն և ավտոմեքենայի հրկիզում Աշտարակի խճուղում. հարուցվել է քրեական գործ

Ավազակություն և ավտոմեքենայի հրկիզում  Աշտարակի խճուղում. հարուցվել է քրեական գործ


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Աշտարակի խճուղում զենքի գործադրմամբ ավազակություն և ուրիշի գույքը ոչնչացնելու դեպքի առթիվ:

Փետրվարի 7-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ  «Կարմիր խաչի» մոտ «Նիվա» մակնիշի ավտոմեքենա է այրվում, կա տուժած։ Քիչ ավելի ուշ «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում հարցականով և գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1982թ. ծնված Ա.Ալեքսանյանը, ով հայտարարել է, որ վնասվածքն ստացել է Աշտարակի խճուղում՝ Վահագնի թաղամասի դիմաց։

Դեպքի առթիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016թ. փետրվարի 7-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ալեքսանյանը ՍՊԸ-ին պատկանող «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայով երթևեկել է Աշտարակի խճուղով և հասնելով Վահագնի թաղամասի մոտակայք՝ նկատել է Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայից իրեն ուղղված կանգնելու լուսային ազդանշան և ավտոմեքենան կանգնեցրել ճանապարհի  աջ եզրային հատվածում։

Ա.Ալեքսանյանին են մոտեցել երկու անծանոթ անձինք և դանակի սպառնալիքով գումար պահանջել, ահաբեկել, լսելով, որ Ա.Ալեքսանյանի մոտ գումար չկա՝ հարվածել են գլխին։

Ստացած հարվածների պատճառով Ա.Ալեքսանյանը գիտակցությունը կորցրել է, իսկ որոշ ժամանակ անց գիտակցության գալով՝ նկատել է, որ իր ավտոմեքենան հրկիզված է, իսկ անծանոթ անձինք դիմել են փախուստի։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ ավազակություն), 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (հրկիզման եղանակով ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը):

Քրեական գործով էական հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին  օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։