Լրահոս
13.04.18, 12:04

Ավազակություն օտարերկրյա քաղաքացու նկատմամբ. կասկածյալը ձերբակալվել է

Ավազակություն օտարերկրյա քաղաքացու նկատմամբ. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ օտարերկրյա քաղաքացու նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է։

2018 թվականի ապրիլի 12-ին Օմանի Սուլթանության քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ  նույն օրը՝ ժամը 00:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Թումանյան փողոցում գործող ակումբներից մեկում ենթարկվել է հարձակման, այն է՝  դանակի գործադրմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով իրեն դուրս են հանել ակումբից, նստեցրել տաքսի ավտոմեքենա, հափշտակել դրամապանակը, որտեղ եղել են նույնականացման քարտեր, բանկային քարտեր և գումար: Այնուհետև նույն անձն իրեն տարել է Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող բնակարան, որտեղ բռնություն է գործադրել իր նկատմամբ ու հափշտակել իր «Այֆոն 7+» մոդելի բջջային հեռախոսն ու ականջակալները:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Քրեական գործով Օմանի Սուլթանության քաղաքացին ճանաչվել է տուժող, կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Գվինեայի Հանրապետության քաղաքացի է՝ ծնված 1988թ.: Նույն օրը վերջինս ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է տուժողի բջջային հեռախոսն ու դրամապանակը:

Կասկածյալը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: