Լրահոս
02.08.22, 06:52

Ավազակություն Ստեփանավան քաղաքում. նախաձեռնվել է քրեական վարույթ

Ավազակություն Ստեփանավան քաղաքում. նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ՝ Ստեփանավան քաղաքում տեղի ունեցած ավազակության դեպքը բացահայտելու ուղղությամբ:

Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. օգոստոսի 01-ին՝ ժամը 05:55-ին, Ստեփանավան քաղաքի բնակչից, ով տեղեկացրել է  դիմակավորված անձանց՝ իր առանձնատուն մտելնելու և գումար ու ոսկյա զարդեր գողանալու մասին: 

Ստացված տեղեկությունների համաձայն, նույն օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, դիմակավորված 4 անձինք ապօրինի մուտք են գործել Ստեփանավան քաղաքի Դուրյան փողոցում գտնվող առանձնատուն, կպչուն ժապավենով կապել տանտիրոջ և վերջինիս կնոջ ձեռքերն ու ոտքերը, այնուհետև դանակի գործադրմամբ սպանության սպառնալիքներ տալով տեղեկանալով գումարի և ոսկյա զարդերի գտնվելու վայրը՝ հափշտակել, նախնական տվյալներով, շուրջ 10 400 000 ՀՀ դրամ, 20 000 ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր, բանկային քարտ, ինչպես նաև՝ 2 բջջային հեռախոս:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ: Տանտերը և վերջինիս կինը ճանաչվել են տուժող և հարցաքննվել՝ դեպքի հանգամանքների շուրջ:

Վարութային գործողությունների ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են կպչուն ժապավեններ, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են դեպքի վայրին հարակից տարածքում առկա տեսանկարանող սարքի տեսագրությունները, նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատահետքաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: