Լրահոս
17.12.21, 14:08

Ավտոմեքենաների պետհամարանիշներ հափշտակելու և դրանց դիմաց գումար պահանջելու գործով երկու անձ կալանավորվել է (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են ավտոմեքենաների պետհամարանիշները հափշտակելու միջոցով շորթում կատարելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը, շորթմամբ ուրիշի գույքի զգալի չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով իր ծանոթի հետ, 2021թ. հունիս-հուլիս ամիսներին Երևանի բնակչի ավտոմեքենայով շրջելով Երևան և Աբովյան քաղաքների տարբեր հատվածներում, կայանված ավտոմեքենաներից գաղտնի հափշտակել են 1.500.000, 400.000, 150.000 և 100.000 ՀՀ դրամ արժողության հաշվառման զույգ համարանիշները: Օգտվելով ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված՝ զույգ պետհամարանիշների կորստյան դեպքում նույն տվյալներով համարանիշ չտրամադրելու հանգամանքից՝ վերջիններս մեքենաների դիմապակու վրա թողել են գրառում՝ «Ձեր համարները մեզ մոտ են, վերադարձնելու համար կապվեք տելեգրամով» բովանդակությամբ՝ նշելով համապատասխան հասցեն: Համարանիշները վերադարձնելու համար նրանք պահանջել են տարբեր չափերի գումարներ՝ սպառնալով չհամաձայնելու և համապատասխան գումարը չփոխանցելու դեպքում՝ ոչնչացնել դրանք: Պահանջված գումարները ստանալուց հետո հաշվառման համարանիշները վերադարձվել են սեփականատերերին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերոնշյալ երկու տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ) և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: