Ավտովթար՝ Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհին. մեկ անձ մահացել է, 9-ը՝ ստացել վնասվածքներ
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ։
2015թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհի 66-րդ կմ-ի հատվածում ԻԻՀ քաղաքացու վարած «Մակ» մակնիշի ավտոմեքենան բախվել է 4 տարբեր՝ «Նիսսան Տեանա», «Ֆորդ Տրանզիտ», «Դաֆ» և «Մերսեդես Բենց 4141» մակնիշի ավտոմեքենաներին: «Մակ» մակնիշի ավտոմեքենայի երկաթյա ցիստեռնը պոկվել է կցորդից, և դրանում առկա վառելանյութը թափվել է, որի հետևանքով հրդեհ է բռնկվել Վ.Արզումանյանի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի, ինչպես նաև՝ ճանապարհի կողքին կայանված «Տոյոտա յարիս» և Երևան քաղաքի բնակիչ Է.Արզումանյանի վարած «Մերսեդես Բենց 350» մակնիշի ավտոմեքենաներում։
«Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վահրամ Արզումանյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը, «Մակ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, 4 ուղևորները, «Տոյոտա յարիս» մակնիշի ավտոմեքենայի 2 ուղևորներն ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Դեպքի առթիվ Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շարագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: