Լրահոս
09.11.18, 10:59

Ազատամուտ համայնքի բնակիչը կալանավորվել է՝ մի շարք հանցագործություններ կատարելու մեղադրանքով

Ազատամուտ համայնքի բնակիչը կալանավորվել է՝ մի շարք հանցագործություններ կատարելու մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործերով քննություն է տարվում՝ Ազատամուտ համայնքի բնակչի՝ Ռ.Մարտիրոսյանի կողմից առերևույթ հանցագործությունների մի շարք դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2018թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի ծառայողները զեկուցագրեր են ներկայացրել առ այն, որ նույն օրը՝ ժամը 08:30-ին, տեղեկություն ստանալով, որ Ազատամուտ համայնքում խաղաղ ցույց է, հասարակական կարգը պահպանելու նպատակով, մեկնել են այնտեղ:  Ըստ զեկուցագրի՝ համայնքի ղեկավարի որդին՝ Ռ.Մարտիրոսյանը, վիճաբանել է ցուցարարների հետ, հայհոյել, սպառնալիքներ հնչեցրել, իսկ իրենք փորձել են բերման ենթարկել նրան, որի ժամանակ վերջինս փորձել է դիմադրություն ցույց տալ՝ հայհոյելով, ոտքով հարվածելով ոստիկանի կողմից վարվող «Վազ 2106» ավտոմեքենային:

Դեպքի առթիվ 2018թ. սեպտեմբերի 29-ին Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: Ոստիկաններից մեկը ճանաչվել է տուժող, և նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար հարցաքննվել են հավաքի մասնակիցներ, ոստիկանության աշխատակիցներ, զննվել է համացանցում առկա տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես է Ռ.Մարտիրոսյանը ոտքով հարվածում տուժող ոստիկանին: Տեսանյութի զննությամբ պարզվել է նաև, որ Ռ.Մարտիրոսյանը հարվածել է ոչ միայն «Վազ 2106», այլև՝ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային: Պատճառված վնասի չափը պարզելու համար նշանակվել են դատաապրանքագիտական փորձաքննություններ: 2018թ. հոկտեմբերի 6-ին Ռ.Մարտիրոսյանը որպես մեղադրյալ էր ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով 2018թ. հոկտեմբերի 8-ին նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Քննիչը  միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր: Օրեր անց՝ հոկտեմբերի 13-ին, Ռ.Մարտիրոսյանը ներկայացել էր իրավապահներին և նրան մեղադրանք էր առաջադրվել:  Քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Ռ.Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ, ինչը դատարանը բավարարել էր, սակայն բավարարվել էր նաև այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման մասին միջնորդությունը:

Բացի այդ, Ոստիկանության Իջևանի բաժնում Ռ.Մարտիրոսյանի նկատմամբ մեկ այլ քրեական գործ էլ հարուցվել է 2018թ. հոկտեմբերի 5-ին՝ սպանության սպառնալիքներ տալու համար: Մասնավորապես, ըստ նախնական քննության տվյալների,  2018թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ռ.Մարտիրոսյանը իր կողմից վարվող Գազել մակնիշի ավտոմեքենան դիտավորյալ վարել էր Ազատամուտ համայնքի բնակիչ անչափահաս տղայի՝ ծնված 2003 թվականին, ուղղությամբ, սպանության սպառնալիքներ հնչեցրել, ինչն անչափահաս տղան ընկալել էր որպես իրական վտանգ: Քրեական գործը Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության վարույթ է ստացվել 2018թ. հոկտեմբերի 8-ին:

Եվս մեկ քրեական գործ Ոստիկանության Իջևանի բաժնում հարուցվել է հոկտեմբերի 5-ին՝ Ռ.Մարտիրոսյանի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու հատկանիշներով: 2018թ. սեպտեմբերի 25-ին ՝ ժամը 10:00-ից 10:30-նն ընկած ժամանակահատվածում, իր որդու և նրա համադասարանցիների միջև տեղի ունեցած կռվի առնչությամբ Ռ.Մարտիրոսյանը գնացել է Ազատամուտ համայնքի դպրոց, որտեղ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել ներկաների նկատմամբ, սպանության և բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել հավաքված ուսուցիչների և աշակերտների հասցեին, խաթարել դասապրոցեսը և դպրոցի բնականոն աշխատանքը: Քրեական գործը, նախաքննություն իրականացնելու համար, ուղարկվել է Տավուշի մարզային քննչական վարչություն, որն ընդունվել է վարույթ:

Բացի այդ, սպանության սպառնալիքներ տալու վերաբերյալ ևս մեկ քրեական գործ էլ հարուցվել է 2018թ. հոկտեմբերի 23-ին: Մասնավորապես՝ 2018թ. հոկտեմբերի 22-ին Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի բնակչուհին հաղորդում է տվել առ այն, որ Ազատամուտ համայնքի ղեկավարը և նրա ընտանիքի անդամները դեռևս 2008 թվականից իր նկատմամբ թշնամաբար են տրամադրված, իսկ 2018թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 14:30-15:00-ն ընկած ժամանակահատվածում, համայնքի ղեկավարի որդին՝ Ռ.Մարտիրոսյանը, Նիվա մակնիշի ավտոմեքենան համայնքապետարանի մոտ վարել է իր ուղղությամբ՝ փորձելով իրեն վրաերթի ենթարկել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով: Ազատամուտի բնակչուհին ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ: Կատարվել է դեպքի վայրի զննություն:

2018թ. հոկտեմբերի 23-ին Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով ևս մեկ քրեական գործ է հարուցվել՝ այս անգամ նույն համայնքի մեկ այլ բնակչին սպանության սպառնալիքներ տալու համար: Համայնքի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ Ռ.Մարտիրոսյանը 2018թ. հոկտեմբերի 18-ին հայհոյել է իրեն և սպառնացել, թե կսպանի: Ազտամուտի բնակիչը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ:

Որոշում է կայացվել՝ վերոնշյալ բոլոր քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և նախաքննություն կատարելու վերաբերյալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2018թ. հոկտեմբերի 30-ին Ռ.Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 2-րդ մասով, 137-րդ հոդվածի 1-ին մասով  և 137-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018թ. նոյեմբերի 7-ի որոշմամբ՝ Ռ.Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը վերացվել է և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: