Լրահոս
26.11.18, 07:12

Բացահայտվել է 23-ամյա երիտասարդի դանակահարության դեպքը. կասկածյալը ձերբակալվել է

Բացահայտվել է 23-ամյա երիտասարդի դանակահարության դեպքը. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 23-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է։

2018թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 22։15-ին, հիվանդանոցից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 21։50-ի սահմաններում, «կրծքավանդակի թափանցող կտրած-ծակած վերք, պնևմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել երիտասարդ՝ ծնված 1995 թվականին:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 23-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող:

Նախաքննությամբ իրականացվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, պարզվել է դեպքի վայրը, միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, հիվանդանոցից առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած արյունոտ հագուստները, հարցաքննվել վկաներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախնական տվյալներով՝ 23-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներն ստացել է Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի բակում երկու երիտասարդների՝ ծնված 1996 և 1994թթ., հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Քրեական գործով  պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով 1996թ. ծնված երիտասարդն է: Վերջինս  ձերբակալվել է, և նրա մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, որի ժամանակ նա մատնացույց է արել դեպքի վայրը, ներկայացրել դեպքի հանգամանքները և ցույց տվել Երևանյան լճի այն հատվածը, որտեղ նետել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, միջադեպին մասնակից անձանցից յուրաքնաչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: