Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով գողության դեպք. մեկ անձ ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել են առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու դեպքի հանգամանքները: Մեկ անձ ձերբակալվել է:
Նախնական տվյալներով՝ 2019թ. նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերն, առերևույթ հանցագործություն կատարած անձը, մուտքի դռան փականները չպարզված եղանակով բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Քաջարան քաղաքի Տերյան փողոցում գտնվող բնակարաններից մեկը և հափշտակել մետաղյա չհրկիզվող պահարան, որի մեջ եղել է առանձնապես խոշոր չափերով՝ 9.539.600 ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար կանխիկ գումար և շուրջ 35 կտոր ոսկյա զարդեր:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով:
Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Քաջարան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1981թ.: Վերջինս ձերբակալվել է:
Նախաքննությամբ պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձին օգնել են ևս 4 անձ, ովքեր հետո տեղափոխել են հափշտակված մետաղյա պահարանը, լինգի գործադրմամբ բացել այն, վերցրել դրանում եղած ոսկյա զարդերը, գումարը և այնուհետև՝ գլորել ձորն ի վար: Մետաղյա պահարանը, դրանում եղած ոսկյա զարդերի տուփերը և 12մմ. տրամաչափի 28 փամփուշտները հայտնաբերվել են:
Նշանակվել են հետքաբանական, ապրանքագիտական ու մատնադրոշմային փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ հանցանք կատարած այլ անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: