Բացահայտվել է ավելի քան 43կգ. տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության դեպք. մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության, Սյունիքի մարզային քննչական վարչության և ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված համակարգված գործողությունների արդյունքում բացահայտվել է շուրջ 43.724կգ. տարբեր տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք, պարզվել հանցավոր խմբի անդամներից երկուսի ինքնությունը:
Դեռևս 2023թ. հունվարին օպերատիվ տեղեկություններ են ստացվել՝ ԻԻՀ քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետություն մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցներ տեղափոխելու մասին:
Ստացված տեղեկությունները իրացնելու ընթացքում պարզվել է, որ ԻԻՀ քաղաքացին, ՀՀ տարածքում շահադիտական դրդումներով իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ, նախնական համաձայնություն է ձեռք բերել Վրաստանի Հանրապետության 27-ամյա քաղաքացու և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ:
Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով 2024թ․ ապրիլի 15-ին վերջինս ապահովել է ՀՀ պետական սահմանով, մաքսանենգ ճանապարհով, առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 28.003,47 գրամ քաշով «Մարիխուանա», 14.434,75 գրամ քաշով «Հերոին» և 1287,06 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների ապօրինի տեղափոխումը ՀՀ տարածք և Սյունիքի մարզից այլ վայր տեղափոխելու, տարբեր թաքստոցներում տեղադրելու գործընթացը:
Ապա թմրամիջոցների թաքստոցի վայրի լուսանկարներն ուղարկվել են խմբի կազմում ընդգրկված Վրաստանի քաղաքացի 27-ամյա երիտասարդին, ով 2024թ․ ապրիլի 15-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, իր կողմից շահագործվող «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է թմրամիջոցների թաքստոցի գտնվելու վայր՝ Արարատի մարզի Խարբերդ համայնքի տարածք, հայտնաբերել տեղադրված հիշյալ թմրամիջոցների պարկերը և իրացնելու նպատակով փորձել է դրանք տեղափոխել ու տեղադրել իր կողմից շահագործվող «Վազ 2107» ավտոմեքենայում, սակայն ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել է:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նրա վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, որով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Հանցավոր խմբի մյուս անդամների մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Ձեր իրավունքները խախտվել են դատավարությունը վարող մարմնի կողմից
Եթե ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից ոտնահարվել են Ձեր իրավունքները, կամ Դուք տեղյակ եք այլ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
Քննչական կոմիտեի հարգելի΄ ծառայողներ,
Եթե Ձեր ղեկավարների ու գործընկերների կողմից խախտվում են Ձեր կամ ծառայակիցների իրավունքները, եթե Ձեզ տրվում են օրենքին հակասող ցուցումներ կամ հանձնարարություններ, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
*Դիմումատուների և տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: