Լրահոս
03.08.18, 08:18

Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են (Լուսանկարներ)

Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են (Լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական  գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Աջափնյակում տեղի ունեցած գողության դեպք, կասկածյալները ձերբակալվել են:

2018թ. հուլիսի 31-ին Երևան քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել Աջափնյակ վարչական շրջանի տարածքում գտնվող իր բնակարանից կատարված գողության մասին։

Նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, և ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:

Օպերատիվ-հետխուզական ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ քաղաքացու բնակարանից առերևույթ կատարված գողությանը մասնակցություն է ունեցել 2 անձ, պարզվել նրանց ինքնությունը։

2018թ. օգոստոսի 1-ին խուզարկություն է կատարվել նրանց բնակության վայրերում, ինչպես նաև` նրանցից մեկի «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենայում: Նշված ավտոմեքենայում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է գողոնը։ Բացի այդ, հայտնաբերվել է  թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 7 հատ փամփուշտով, ինչպես նաև` բանալիներ, տարբեր գործիքներ, որոնք ենթադրաբար օգտագործվել են բնակարանային գողությունը կատարելու համար։

Կասկածյալները ձերբակալվել են։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Լուսանկարներում՝ գողոնը և գողությունը կատարելու համար օգտագործված գործիքները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: