Լրահոս
29.04.19, 10:47

Բացահայտվել է դեղատանը տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքը. մեղադրանք է առաջադրվել Երևանի 29-ամյա բնակչին

Բացահայտվել է դեղատանը տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքը. մեղադրանք է առաջադրվել Երևանի 29-ամյա բնակչին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գործող դեղատանը կատարված ավազակային հարձակման դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 29-ամյա բնակչին:

2019թ. ապրիլի 24-ին՝ ժամը 01։30-ին, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող դեղատանը դիմակավորված մի անձ դանակի սպառնալիքով գումար է հափշտակել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով,  ստեղծվել է քննչական խումբ, ԱՁ-ն և դեղատան աշխատակիցը ճանաչվել են տուժող:

Քրեական գործով կատարված անհետաձգելի քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1989թ.:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. ապրիլի 24-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում,  ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, դեմքի մի մասը քողարկելով սպորտային բաճկոնին ամրացված գլխարկով, օգտվելով հաճախորդների բացակայության հանգամանքից, ներխուժել է դեղատուն, հարձակվել դեղատան աշխատակցի վրա, որպես զենք օգտագործվող դանակով նրա կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել և ստացել է ափիոնում պարունակող, ալկալոիդ հանդիսացող կոդեինի պարունակությամբ դեղորայք, դրամարկղից հափշտակել է գումար, իսկ դեղատան աշխատակցից` վերջինիս «SAMSUNG» ապրանքանիշի բջջային հեռախոսը, ոսկյա մատանին, դրամապանակը և դիմել փախուստի:

Քննությամբ պարզվել է նաև, որ նշված հանցագործությունը կատարելուց առաջ 29-ամյա տղամարդը  թաքնվել է իրավապահ մարմիններից՝ մեկ այլ քրեական գործով մեղադրվելով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված՝ բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով ուրիշի զգալի չափերի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու մեջ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2019թ. ապրիլի 27-ին Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նույն օրը մեղադրյալը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, քանի որ դեռևս 11.03.2019թ. ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է եղել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: