Լրահոս
13.11.15, 16:18

Բացահայտվել է Երևանում հափշտակություններ կատարած կազմակերպված խումբ. անդամները Վրաստանի քաղաքացիներ են

Բացահայտվել է Երևանում հափշտակություններ կատարած կազմակերպված խումբ. անդամները Վրաստանի քաղաքացիներ են


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևանում տեղի ունեցած մի շարք գողություններն իրականացվել են Վրաստանի քաղաքացիներից բաղկացած կազմակերպված խմբի կողմից։

Նախնական քննության տվյալներով՝ կազմակերպված խմբի երեք անդամների (ազգությամբ վրացի, Վրաստանի քաղաքացիներ) կողմից, ըստ նախապես մշակված պլանի և դերաբաշխման, նոյեմբերի առաջին տասնօրյակում գողություն ու գողության փորձեր են իրականացվել Երևանի տարբեր վարչական շրջաններում։

Քննությամբ  բացահայտվել է նույն խմբի կողմից կատարված հափշտակության և հափշտակության փորձի 5 դրվագ, որոնցից 4-ը գրանցվել է Քանաքեռ-Զեյթուն, իսկ մեկը՝ Շենգավիթ վարչական շրջանում։ Ընդ որում, հանցավոր ոտնձգությունից տուժել են հիմնականում կանայք. գողություններն ու գողության փորձերը 4 դեպքում կատարվել են կանանց պատկանող բնակարաններից և ավտոմեքենայից։

Քանաքեռ-Զեյթուն և Շենգավիթ վարչական շրջաններում տեղի ունեցած նշված 5 դեպքերով հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2015թ. նոյեմբերի 12-ին երեք անձի մեղադրանք է առաջադրվել 5 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 և 2-րդ կետերով (3 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ)։

Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վաչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննությունն ապահովելու, խմբի հնարավոր այլ անդամների առկայությունը, նույն խմբի կողմից կատարված հնարավոր այլ հափշտակության կամ հափշտակության փորձերը պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: